ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Ժողովուրդը պետք է որոշի, թե որն է իր երկրի օրհներգը»

«Ժողովուրդը պետք է որոշի, թե որն է  իր երկրի օրհներգը»
05.02.2019 | 08:31

Նորից հանրային հնչեղություն է ստացել մեր երկրի պետական օրհներգը վերափոխելու հարցը: Խոսվում է Արամ Խաչատրյանի օրհներգը վերականգնելու մասին, հիշատակվում են նաև Կոմիտասի «Հայաստանը», Ազնավուրի «Քեզ համար, Հայաստանը»: Կա նաև այլ տեսակետ` օրհներգը փոխելու ժամանակը չէ, սակայն խաչատրյանական օրհներգը վերադարձնելու մասին ԱԺ փոխնախագահի հայտարարությունից հետո կրքերը չեն հանդարտվում:


Ի վերջո, ո՞վ պետք է ընտրի երկրի օրհներգը: Մեր այս հարցին ի պատասխան` կոմպոզիտոր ԱՎԵՏԻՍ ԲԵՐԲԵՐՅԱՆԸ նշեց, որ նախկին բոլոր գոծընթացները` հանձնաժողովներ, մրցույթներ, որոշումներ, տապալվել են, արդյունքում օրհներգը օդի մեջ է մնացել. «Սա շատ լուրջ խնդիր է և եթե այն իսկապես ինչ-որ տեղ պետք է տանի, միանշանակ պետք է անցկացվի համահայկական հանրաքվե։ Պետական խորհրդանիշը որևէ մեկի, որևէ խմբավորման, կուսակցության մենաշնորհը չէ: ժողովուրդը պետք է որոշի, թե որն է իր երկրի պետական օրհներգը»: Բայց կոմպոզիտորը կարծում է, որ հարցը կմարի, կստացվի, որ խաղում էին ժողովրդի զգացմունքների հետ: Արամ Խաչատրյանի երաժշտությունը նա անգերազանցելի է համարում` իբրև օրհներգ, օրհներգի կերտվածք, ազգային դիմագիծ: Համամիտ է, որ բառերը սովետական են ու հին շունչ ունեն, բայց կարելի է վերափոխել կամ նոր տեքստ գրել:
Հետաքրքրվեցի` այս դեպքում առավել մեծ է բառերի՞ ազդեցությունը, թե՞ երաժշտության: «Երաշտությունն ու տեքստը համահավասար են, բայց հիմնականում, երբ օրհներգը տարբեր միջոցառումների ժամանակ հնչում է, մարդիկ ոտքի են կանգնում, հնչում է միայն երաժշտությունը»,- նկատեց երաժիշտը:


Ինչու՞ այդպես էլ չսիրեցինք «գործող» օրհներգը: Ավետիս Բերբերյանը նշեց, որ երաժշտությունը կառուցվածքի տեսակետից հայկական չէ, տեքստային առումով շատերը բողոքում են, որ բավական լացուկոծ կա մեջը, պատերազմ, ու քանի որ սկզբնապես եղել է «մեր հայրենիք թշվառ, անտեր», կան որոշակի կոդեր, որ ազդում են մարդկանց զգացողությունների վրա: «Իսկ օրհներգը երկրի ներկան, անցյալը և, մասնավորապես, ապագան խորհրդանշող ազգային կոդն է»,- եզրահանգեց կոմպոզիտորը:


«Չկա՞ն արդյոք նոր և լավ օրհներգի տարբերակներ» հարցն ուղղեցինք կոմպոզիտոր ԷԴՄՈՆԴ ՄԱԿԱՐՅԱՆԻՆ: «Գուցե եղել են, գուցե մարդիկ մինչ այսօր էլ ստեղծում են իրենց տարբերակները, բայց Արամ Խաչատրյանի երաժշտությունը, կարծում եմ, նախընտրելի է և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով: Օբյեկտիվ, որովհետև, ինձ թվում է, որ այն կառուցվածքով և ձևաչափով համապատասխանում է օրհներգին, բացի դրանից, հիմքում կա շարական, ինչը նույնպես շատ կարևոր է: Սուբյեկտիվ կողմն այն է, որ միջազգային ասպարեզում իր հստակ ձեռագիրն ունեցող Արամ Խաչատրյանը լինի ՀՀ օրհներգի հեղինակը»: Նկատեցի, որ այդ տեսակետից կարելի է ասպարեզ բերել նաև Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգը օրհներգի վերածելու գաղափարը: «Ազնավուրի «Քեզ համար, Հայաստանը» երգարվեստի եզակի գոհարներից է, շատ գեղեցիկ ստեղծագործություն է, բայց որպես օրհներգ ակնհայտորեն զիջում է խաչատրյանական տարբերակին»,- ասաց կոմպոզիտորը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2828

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ